Նվագախումբը՝ Սմբատյանի կալանավորման մասին․ Տարածվող տեղեկությունները տարակուսանք են առաջացրել ներքին և միջազգային լսարանի շրջանում

Նվագախումբը՝ Սմբատյանի կալանավորման մասին․ Տարածվող տեղեկությունները տարակուսանք են առաջացրել ներքին և միջազգային լսարանի շրջանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները և աշխատակազմը հայտարարություն են տարածել նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կալանավորման վերաբերյալ՝ նշելով, որ նրա անվան շուրջ տարածվող տեղեկությունները «տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում»:

«Մենք անդադար շարունակում ենք ստանալ մեծաթիվ արձագանքներ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների կողմից և շնորհակալություն ենք հայտնում սատարման, ջերմ խոսքերի և ընթացիկ իրադարձությունների հանդեպ սթափ մոտեցումների համար:

Համոզված ենք, որ գործընթացի անաչառության և պատշաճության պահպանման դեպքում Մաեստրո Սմբատյանին կընձեռվի հնարավորություն՝ վերականգնելու իր և Հայաստանի համար չափազանց մեծ նշանակություն ունեցող մշակութային գործունեությունը:

Մենք հույս ենք հայտնում, որ բարձրացված աղմուկին շուտափույթ կերպով կփոխարինեն հավասարակշռված տեղեկատվությունն ու վերլուծությունը, կկայացվեն ողջամիտ որոշումներ, և մինչև քննության ավարտը Սերգեյ Սմբատյանին հնարավորություն կտրվի լինելու ազատության մեջ` նվագախմբի կողքին:

Ամենայն հարգանքով իրավապահ համակարգի նկատմամբ՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ Մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիրն է:

Մեկ անգամ ևս շնորհակալություն ենք հայտնում դժվարին պահերին մեր կողքին լինելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել են, գործարար Ա.Պ.-ի հետ միասին, պետությանը 966 մլն դրամ գույքային վնաս պատճառելու կապակցությամբ։

Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Սերգեյ Սմբատյանի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---