Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում սպասվող համերգը

Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում սպասվող համերգը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել Բաքվում կայանալիք համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները, հայտնում է Արմենպրեսը։

Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրել է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:

Երաժիշտը նշել է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։

«Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք։ Մինչ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, արդեն արձանագրվող սովամահությամբ, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց կողմից այս հումանիտար աղետի անտեսումը: Միգուցե, նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շոուով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, և մինչ դա տեղի է ունենում, նրանք պետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները», - գրել է Թանկյանը։

Նա իր գրառմանը կցել է նաև Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020 թվականին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։

Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---