Արցախի ՆԳՆ. Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի

Արցախի ՆԳՆ. Որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետծառայությունը։

Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է։

Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին:

2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։

Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտի Կրկժան թաղամասից։

Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն է փոխանցել ադրբեջանական կողմը։

Սեպտեմբերի 21-24 որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր 105 մարմին:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---