Դրամի արժեզրկումն անդրադարձել է «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ գործունեության վրա

PanARMENIAN.Net - 2009 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված իրավիճակն անդրադարձել է նաեւ «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ ցուցանիշների վրա: Այդ մասին լրագրողներին չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է «ՎՏԲ Բանկ (Հայաստան)» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Ընդ որում, նրա խոսքերով, բանկը չի դադարեցրել վարկավորման գործընթացը, եւ բանկի վարկային փաթեթը 2009թ. 1-ին եռամսյակում ավելացել է մինչեւ 74,2 մլրդ. ՀՀ դրամ` 2008թ. համեմատ աճելով 5%: Ինչպես հաղորդել է գլխավոր տնօրենը, հաճախորդներից ներգրաված միջոցների ծավալը 2009թ. 1-ին եռամսյակում աճել է 21%-ով եւ կազմել է 33,3 մլրդ ՀՀ դրամ:



« 40%-ով աճել է ժամկետային ավանդների ծավալը` հասնելով մինչ- 20,7 մլրդ ՀՀ դրամի», - ասել է նա: Այդ առնչությամբ Օվսյաննիկովը նշել է, որ դա լավ ցուցանիշ է, քան որ այդ եռամսյակում եղել է նաեւ դրամի արժեզրկում եւ հաճախորդների ավանդները դրամից դոլարի վերաձեւակերպման հետ կապված որոշ ակնկալումներ, եղել են նաեւ «ժամկետային ավանդներից խուսափելու» փորձեր: Սակայն այժմ, բանկի գլխավոր տնօրենի կարծիքով, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ավանդատուի համար կարեւոր է ոչ միան դեպոզիտների տոկոսադրույքը, այլեւ այն բանկի հուսալիությունը, որում նրանք միջոցներ են ներդնում:



Գլխավոր տնօրենը հաղորդել է, որ 2008 թվականի սկզբին դրամային եւ դոլարային ավանդների հարաբերակցությունը կազմել է 50/50 տոկոս: Այդ առնչությամբ, Օվսյաննիկովն ավելացրել է, որ դոլարային դեպոզիտների հարաբերակցությունը դրամայինների նկատմամբ տվյալ պահին կազմում է 80 եւ 20 տոկոս համապատասխանաբար, եւ ազգային արժույթի նկատմամբ բնակչության վստահությունը փոխելու համար որոշ ժամանակ կպահանջվի: Այն հարցին, թե արդյո՞ք հայկական բանկերը կդիմակայեն դրամի եւս մեկ արժեզրկմանը, Օվսյաննիկովը պատասխանել է, որ առեւտրային բանկերի կապիտալով ապահովված լինելու մակարդակը բավականին բարձր է, եւ բանկերի 80-90 տոկոսը կարող է դիմակայել այդ հարվածին: Ինչ վերաբերում է Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսած դրամի տատանումներին 1ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում, ապա բանկիրի խոսքերով, ինքը համաձայն է ԿԲ-ի կանխատեսումներին:



«Գործառնական եկամուտը 2009թ. 1-ին եռամսյակում կազմել է 1,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ զուտ շահույթի առնչությամբ, ցավոք, Հայաստանում բանկի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ վնաս է արձանագրվել` 136 մլն դրամ», - ասել է նա: Գլխավոր տնօրենի կարծիքով, վնասի 80 տոկոսը կապված էր հենց դրամի արժեզրկման հետ, իսկ 20 տոկոսը` պահուստների մեծացման, քանի որ այժմ փոխառուների համար դժվար ժամանակներ են, հետեւաբար, ռիսկերի առնչությամբ նոր ընթացակարգեր կիրառելով, բանկը լրացուցիչ պահուստներ է վերստեղծել` կապիտալի բավարար լինելն ու բանկում հաճախորդների ներդրած միջոցների վերադարձն ապահովելու նպատակով:



Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 3-ին վերադարձել էր դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությանը: ԿԲ մասնագետների գնահատմամբ, 2009 թվականին միջին հավասարակշռված փոխարժեքը նախատեսվում է 1 ԱՄՆ դոլարի դիմաց 360-380 դրամի սահմաններում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---