ԼՂ-ից բռնի տեղահանված 100,417 անձ է եկել ՀՀ

ԼՂ-ից բռնի տեղահանված 100,417 անձ է եկել ՀՀ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30–ի ժամը 12։00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100,417 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստան։ Այդ մասին հրավիրված ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21,043 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 81,139»,– ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Բաղդասարյանը հավելել է, որ վերջին 2 օրում մոտ 90 ավտոբուս է Գորիսից ուղևորվել Ստեփանակերտ և վերադարձել։ Արդյունքում 2900 մարդ է հասել Գորիսի և Վայքի հումանիտար կետեր։

Նա հայտնել է նաև, որ Ստեփանակերտում սահմանափակ հնարավարություններով 15 քաղաքացի է մնացել, որոնց հետևից արդեն շտապօգնության մեքենաներ են ուղարկվել։

Նրա խոսքով` եթե սեպտեմբերի 29–ի առավոտյանը ժամը 10:00–ի դրությամբ պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել էր 20,306 անձ, ապա այժմ այդ թիվն աճել է մինչև 32,200։

Ըստ մարզերի տեղաբաշխումը կատարվել է հետևյալ կերպ. Արագածոտնի մարզում ժամանակավոր կացարան է ստացել 1852 մարդ, Արարատի մարզում 7640, Արմավիր 3009, Գեղարքունիքի մարզ 2862, Լոռի 1581, Կոտայք 8289, Շիրակ 1317, Սյունիքի մարզ 2244, Վայոց Ձոր 1700 և Տավուշի մարզ 1706։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---