Նախարար․ ՀՀ ԲԿ–ներում 361 արցախցի կա՝ շատերը` ծայրահեղ ծանր, 14 մահ է գրանցվել

Նախարար․ ՀՀ ԲԿ–ներում 361 արցախցի կա՝ շատերը` ծայրահեղ ծանր, 14 մահ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանի բուժհաստատություններում բուժում է ստանում 361 բռնի տեղահանված արցախցի։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ շատ պացիենտների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար:

«Վերակենդանացման բաժանմունքներում գտնում է 10 երեխա, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը` կայուն, մեկ երեխայի մոտ արդեն կա դրական դինամիկա»,- նշել է Ավանեսյանը՝ հավելելով, որ գիշերը երկու երեխա է վթարի հետևաքնով տեղափոխվել ՀՀ բժշկական կենտրոններ, հայտնում է Aysor.am-ը:

«221-ը պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձինք են, 114-ը ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացածները»,- ասել է նա նշելով, որ մյուս 26 անձինք առողջական այլ խնդիրներով են հոսպիտալացվել:

Սեպտեմբերի 30–ի դրությամբ գրանցվել է մահվան 14 դեպք։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---