Արցախից ՀՀ է եկել 100,514 բռնի տեղահանված

Արցախից ՀՀ է եկել 100,514 բռնի տեղահանված

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին հայտնած վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան է եկել 100,514 բռնի տեղահանված, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացրել է 20։00–ի տեղեկությունները։

Արցախից ՀՀ է մուտք գործել 21,106 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 85,975 անձի հաշվառում։

Հոկտեմբերի 1–ի երեկոյան Արցախից վերջին ավտոբուսն է հասել Գորիս 15 ուղևորով, ֆեսյբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Եթե Արցախում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին դեռևս ունեք հստակ տեղեկություն, պետք է դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտե կամ էլ տրամադրել տեղեկությունները մեզ ԿԽՄԿ փոխանցելու համար»,-գրել է Ստեփանյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կրկին ավտոբուսներ կուղարկեն Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել է` արցախյան գործընկերների հետ պահպանվում է անհրաժեշտ կապը, օպերատիվ կերպով ճշտվում են բոլոր հարցերը, հայտնում է Sputnik Աևրմենիան։

«Մենք ավտոբուսների 2 մեծ խումբ ուղարկել ենք, և այն հայրենակիցները, որոնք մեքենաներ չեն ունեցել, նրանց տեղափոխումը կազմակերպել ենք։ Ընդ որում, վերջին անգամ, երբ 46 ավտոբուս ենք ուղարկել Ստեփանակերտ, այնտեղի մեր գործընկերները նշում էին, որ մինչև 1500 մարդ կա։ Մեր ուղարկած ավտոբուսներում կարող էր 2000 անձ տեղավորվել, բայց եկել է մոտ 1350-ը»,– ասել է Սանոսյանը։

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ դեռ կմնա Ստեփանակերտում՝ այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ Այդ մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբից։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---