20 հոկտեմբերի 2023 - 15:09 AMT
Թաթոյան. Մարտակերտի գյուղերից մարդիկ առանց շոր ու կոշիկ են փախել, Սառնաղբյուրում սպանված երեխաները դպրոցում են եղել

«Թաթոյան հիմնադրամի» նախագահ Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի վրա ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:

«Ես քարտեզի վրա ցույց կտամ, որ ադրբեջանցիները զինված հարձակման հենց սկզբից այնպիսի ուղղություններ են վերցրել, որ մեկուսացնեն մարդկանց, քաղաքացիական խաղաղ բնակիչներին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Մարտակերտի գյուղերից մարդիկ առանց շոր ու կոշիկ են փախել, Սառնաղբյուրում սպանված երեխաները դպրոցում են եղել։ Թաթոյանը հավելել է, որ, փակելով Մարտակերտի շրջանից ելքերը՝ ադրբեջանական զինուժը տարբեր հատվածներում հրետակոծում էր, ստիպելով խղաղ բնակչությանը մի տեղից մեկ այլ տեղ տեղափոխվել, բայց չկարողանալ լքել շրջնը:

«Դրանից հետո ադրբեջանական զինվորականները կտրել են արցախի զինված ուժերի և քաղաքացիական բնակավայրերի միջև կապը, որը եղել է իրենց մշակած ռազմավարական քայլերից մեկը։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի զինված ուժերի զինծառայողները տեղի գյուղերի բնակիչներն էին, և օպերատիվ կապ էրպահվում խաղաղ բնակավայերի հետ: Մարդիկ կարողնում էին հասկանալ՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներ կան, թե ոչ»,–ասել է նա:

Հիմնադրամի նախագահի խոսքով՝ ադրբեջանական նման մարտավարության հետևանքով Մարտակերտի, Ասկերանի շատ տեղերում մարդիկ անակնկալի են եկել, նա բերել է Մարտակերտի Սարսանգի ջրամբարի հարակից գյուղերի օրինակը, երբ մարդիկ առանց շոր ու կոշիկ են ստիպված եղել դուրս գալ այնտեղից, քանի որ ժամանակ չեն ունեցել պատրաստվելու:

Նկատելով, որ ադրբեջանական զինված հարձակումները սկսվել են ցերեկը 12:00-12:30-ին, այն ժամանակահատվածում, երբ երեխաները դպրոցներում, ուսանողները՝ համալսարաններում դասի են եղել՝ Թաթոյանն ասել է, որ Արցախն ինն ամսից ավելի շրջափակման մեջ էր, և ծնողները հաճախ երեխաներին դպրոցում թողնելուց հետո կարող էին գնալ սնունդ հայթայթելու, և այդ ռազմական գործողությունների հետևանքով շատ տեղերում ընտանիքները կտրվել էին միմյանցից:

«Ծնողները չէին իմանում, թե իրենց երեխաները որտեղ էին, քույրերը, եղբայրները չգիտեին միմյանց տեղը: Սա էլ ադրբեջանական մտադրված քաղաքականություն էր, ոչ թե պատահականություն, որովհետև դրանով ստեղծել են խուճապ, խնդիր հարուցել իրավիճակի կառավարելիության առումով, և այդ քաոսային վիճակը նրանց նպատակադրությունն է եղել»,- հայտարարել է Թաթոյանը: