1 նոյեմբերի 2023 - 18:24 AMT
ՀՀ-ում նոր բանտ կկառուցվի, 10 նոր փոխադրող–ուղեկցող մեքենա կգնվի

2024-ին Հայաստանում նոր բանտ կառուցելու շինարարարական մրցույթ կհայտարարվի։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովում 2024 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Այս տարի ՀՀ արդարադատության նախարարությունը նոր ՔԿՀ կառուցելու նախագծահաշվարկային պայմանագիր է կնքել։ Նախատեսվել էր, որ նախագծահաշվարկային աշխատանքները մինչև 2024 թ. նոյեմբեր կավարտվեն, բայց գործընկերները խոստացել են ավելի շուտ ավարտել։ Սպասում ենք, որ արդեն 2024 թ. նոր բանտի շենքի կառուցման մրցույթ հայտարարվի։ Կնքված պայմանագրի գումարային մնացորդը, որ 2024 թ. պետք է վճարենք, 168 մլն դրամ է, որի մոտ 70 միլիոնն արդեն վճարել ենք»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների արդիականացման և բարեփոխումների համար 2024 թվականին նախատեսում է հատկացնել 13 մլրդ 763 մլն դրամ, որը 222 մլն դրամով պակաս կլինի 2023 թ. համեմատ։ Դա, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի կառավարումը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։

Մինասյանն ընդգծել է, որ նոր քրեակատարողական հիմնարկի էսքիզն ունեն, տարածքն արդեն կա, այժմ պետք է ուսումնասիրեն հողերի սեյսմակայունությունը, որպեսզի կարողանան ճիշտ հաշվարկել շենքի հարկերը։

Նա տեղեկացրել է նաև, որ 2024 թ. ևս 22 մլն դրամ է նախատեսվել ՔԿՀ–ներին անհրաժեշտ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։

«Այս տարի մոտ 230 մլն դրամ է հատկացվել 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մակնիշի փոխադրող–ուղեկցող մեքենա ձեռք բերելու համար, որոնք կահավորված են ժամանակակից հատուկ ստանդարտներով` օդորակիչներով և այլն։ Այսուհետ ամեն ՔԿՀ–ին մեկ մեքենա հատկացված կլինի դատապարտված քաղաքացիներին տեղափոխելու համար»,– նշել է Մինասյանը։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծրագրին, ապա 2024 թ. նախատեսվել է հատկացնել 777 մլն 690 հազար դրամ։