ICCROM-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ներկայացվել են ԼՂ հուշարձանների պահպանության խնդիրները

ICCROM-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ներկայացվել են ԼՂ հուշարձանների պահպանության խնդիրները

PanARMENIAN.Net - Հռոմում տեղի ունեցած Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի՝ ICCROM-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները:

Նստաշրջանին ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հարություն Վանյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է Ադրբեջանի վարած շարունակական պետական քաղաքականությունը՝ հայկական հետքը Լեռնային Ղարաբաղից վերացնելու, պատմության և մշակույթի հուշարձաններն ավերելու կամ ինքնությունը կեղծելու վերաբերյալ։

Զեկույցում, մասնավորապես, շեշտվել է, որ միայն միջազգային հեղինակավոր կառույցների ճնշմամբ և գործիքակազմերով է հնարավոր փրկել հայկական հսկայական պատմամշակութային ժառանգությունը: Այս համատեքստում զեկույցում արձանագրվել է՝ նույն իրավիճակը ժամանակին եղել է նաև Նախիջևանում, որտեղ, ցավոք, հնարավոր չի եղել փրկել հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Ներկայացվել են հստակ փաստեր և թվեր՝ Ադրբեջանի կողմից արդեն իսկ իրականացված վանդալիզմի դեպքերի և հուշարձանների ավերումների վերաբերյալ, հղումներ են արվել մի շարք միջազգային հեղինակավոր կառույցների ընդունած բանաձևերին և որոշումներին, որոնք Ադրբեջանը, չհարգելով միջազգային իրավունքն ու կարգը, չի կատարում։

Նստաշրջանի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համագործակցել Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) հիմնական 4 ծրագրերից մեկի՝ Ճգնաժամերի ժամանակ մշակութային ժառանգության «Առաջին օգնություն և կայունություն» (FAR) նախագծի շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանում վտանգված և սահմանային հուշարձանների թիվը։

Հստակ նախագծերի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկայում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---