Ադրբեջանցիները «պեղումներ են» անում Տիգրանակերտում

Ադրբեջանցիները «պեղումներ են» անում Տիգրանակերտում

PanARMENIAN.Net - Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը գրել է, որ ադրբեջանցիները «պեղումներ են» իրականացնում Տիգրանակերտում։

Նշվում է, որ որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում հողային աշխատանքներ են ընթանում:

«Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ տարածքում իրենք աշխատանքներ են իրականացրել դեռևս 2023 թվականի օգոստոսի 23-ից:

Նշենք, որ 2021 թվականից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում հնագիտական աշխատանքներ են նախատեսվում: Սա Տիգրանակերտի ադրբեջանական «պեղումների» մեզ հայտնի առաջին փաստն է։

«Պեղումները» նախաձեռնվել են Արքայական աղբյուրների շրջակայքում՝ 18-րդ դարի մզկիթին կից։ Ընդ որում, բացել են պատի մի հատված, որը Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղվել է դեռևս 2011 թվականին: Այն մզկիթին կից գերեզմանոցի հենապատն է: 2011 թվականին Արքայական աղբյուրների շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են նաև մզկիթի առջև գտնվող ջրավազանը, կից ժայռին փորված մի կառույցի ժապավենաձև հիմքերը՝ հար և նման Ամրացված թաղամասի պարսպահիմքերին»,–ասվում է հրապարակման մեջ։

2021-ին Monument Watch-ը գրել էր, որ ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի։ Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի կողմից պեղված ջրավազանի կողքին ադրբեջանցիները բետոնապատ հարթակ են կառուցել և խորոված անելու մանղալներ տեղադրել, որոնցից մեկը հենց պեղված ջրավազանի եզրին են դրել։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիները ռեստորանի էին վերածել 18-րդ դարի կեսերին աղբյուրների հարևանությամբ կառուցված ամրոցը:

Խաթարելով ժառանգության իրական ավանդույթը Ադրբեջանը խախտում է նաև 2001 թ. «Մշակութային բազմազանության պաշտպանության մասին» և 2005 թ. «Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիաների դրույթները, որոնց անդամ է։ Մշակութային ժառանգության գործառույթի փոփոխման գործողությունը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիա»-ի դրույթները, որի 11-րդ հոդվածով պետությունները պարտավոր են հարգել ժառանգության ոչ նյութական արժեքները անկախ դրանց ծագումից ու գործառույթից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---