Միրզոյանն ու Օզուլեն ընդգծել են Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը

Միրզոյանն ու Օզուլեն ընդգծել են Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 42-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն ընգծել են Լեռնային Ղարաբաղ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու կարևորությունը՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով։

ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության խնդրին։ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել դրանց ոչնչացման, պղծման կամ յուրացման հիմնավոր ռիսկերի առնչությամբ՝ ընդգծելով մշակութային հուշարձանների պահպանությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի գործուն ներգրավման անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտման հետևանքներին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից ավելի քան 100 հազար փախստականների առաջնային կարիքներին արձագանքի ուղղությամբ։ Նախարար Միրզոյանը կարևորել է տեղահանված շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքի իրացումը՝ նշելով, որ նրանց մեծ մասի համար արդեն իսկ ապահովվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ԱԳ նախարարն արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի արագ արձագանքը և բռնի տեղահանված փախստական երեխաների կրթական կարիքների գնահատման նպատակով կազմակերպության կողմից հրատապ առաքելության Հայաստան գործուղումը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջև փոխգործակցության օրակարգային նաև այլ հարցեր։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---