44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մասին ֆիլմը՝ IDFA-ի գլխավոր մրցանակակիր

44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի մասին ֆիլմը՝ IDFA-ի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Վավերագրական ֆիլմերի ամենահեղինակավոր փառատոներից մեկի՝ Ամստերդամի IDFA-ի միջազգային մրցույթում Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է «լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին՝ դառնալով տարվա լավագույն վավերագրական ֆիլմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Գլխավոր մրցանակի համար ժյուրիի ձևակերպումը հետևյալն է․ «Ֆիլմ՝ իբրև թափանցող լույս, որը տեսանելի է դարձնում թաքնված վշտի վիթխարի ներքին լանդշաֆտը, անտանելի բացակայությունից ստեղծելով շոշափելի ներկայություն։ Կինոն՝ որպես գոյատևման գործիք. թույլ է տալիս նայել դեպի այն, ինչը մենք նախընտրում ենք չտեսնել: Եվ, վերջապես անմոռանալի օրինակ կինոյի՝ որպես սիրո ակտ»:

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմն արժանացել է նաև IPRESCI մրցանակին, որը տրվում է կինոքննադատների և կինոմամուլի մասնագիտական հեղինակավոր համաշխարհային ընկերակցության կողմից։

Մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամաբ․ «Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շողակաթ Վարդանյանը ծնողների հետ անհետ կորած եղբորն է փնտրել՝ Սողոմոնին: Ամբողջ ընթացքը նկարել է, 3 տարվա նկարահանումները տեղ են գտել ֆիլմում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---