ԼՂՀ հասարակայնության խորհրդակցությունը «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հայտարարություն է ընդունել

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին ԼՂՀ հասարակայնության Խորհրդակցությունն ընդունեց հայտարարություն, որում ասվում է. «Մենք` հայ-թուրքական հարաբերություների վերջին իրադարձություններին նվիրված խորհրդակցության մասնակիցներս, ընդհանրացնելով ծավալված քննարկումների եւ բանավեճի ընթացքում արտահայտված բոլոր տեսակետները, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, եկանք հետեւյալ եզրակացության: 2009թ. ապրիլի 23-ին Ժնեւում Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունների համատեղ հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ (այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»), որը ձեռք բերվեց Շվեյցարիայի միջնորդությամբ, անհանգստությամբ ու հիասթափությամբ ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական լայն շրջանակների կողմից:



Գտնում ենք, որ Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը համահայկական ոլորտից զուտ Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ոլորտ տեղափոխելու փորձը, դուրս բերելով այն հայ-թուրքական բազմադարյան հարաբերությունների ընդհանուր համատեքստից, քաղաքական կոպիտ սխալ է, հղի հայ ժողովրդի համար հերթական աղետով: Պնդում ենք, որ 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի Մեծ Եղեռնը, պատմական Հայաստանի մեծ մասի կորուստը, որը տեղի ունեցավ անիրավազոր միջազգային պայմանագրերով նրա տարածքների բաժանման ու զավթման հետեւանքով, եւ արցախահայության ազգային-ազատագրական պայքարը, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումով, Հայկական հարցի բաղկացուցիչ մասերն են: Թուրքիայի բարձրագույն ղեկավարության եւ հասարակության լայն շրջանակների խիստ եւ անզիջում մեկնաբանություններն ու հայտարարությունները, որոնք հետեւեցին «Ճանապարհային քարտեզի» երեւան գալուն` հակասելով համատեղ հայտարարության ոգուն, աներկբա ցույց են տալիս, որ հենց այսպես է գնահատում իրավիճակը թուրքական կողմը: Եվ չկա որեւէ նախադրյալ Հայկական կողմից իրավիճակը այլ կերպ գնահատելու համար»:



Հայտարարության մեջ, որը ստորագրել են Արցախի ավելի քան տաս հասարակական կազմակերպություններ, նշվում է, որ «Ճանապարհային քարտեզի» հայտարարումը Մեծ Եղեռնի նախօրյակին թույլ է տալիս խոսել ոչ միայն հայկական դիվանագիտության ձախողման, այլ նաեւ ողջ հայության համար բարոյա-հոգեբանական տեսակետից անընդունելի քայլի մասին: «Հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումն ընդամենը համահայկական խնդրի միայն մի մասն է, որն իր լուծումը կարող է ստանալ ողջ հայության համապատասխան ջանքերի շնորհիվ: Նման քայլը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստի եւ արցախահայության կողմից իր պետականությունը կառուցելու իրավունքի ճանաչումից հետո: Պնդում ենք, որ խնդիրները առանձնացնելու միջոցով Հայությունը բաժանելու փորձերն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան հակառակորդին առանձին զիջումներ կատարելը: Ժխտելով ԼՂՀ եւ Սփյուռքի իրավունքը Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության մեջ` Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը դրանով իսկ ժխտում է իր իրավունքը` մասնակցելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին: Գոյություն ունեն ողջ հայության համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, որոնք պահանջում են համահայկական քաղաքական համաձայնություն: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության նեղ շրջանակում ընդունված որոշումը «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ, ֆորմալ լեգիտիմության պարագայում, հայ ժողովրդի ազգային շահերի տեսակետից բացարձակ անիրավական են»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---