21 նոյեմբերի 2023 - 10:51 AMT
Լարսի անցակետում մոտ 6 կմ–նոց խցանում է․ ՀՀ լեռնային շրջաններում սպասվում է ձյուն ու մերկասառույց

Վերին Լարսի անցակետի մոտ վատ եղանակի պատճառով հսկայական խցանում է առաջացել: Այդ մասին հայտնում է Iz.ru տելեգրամյան ալիքը։

Ըստ ականատեսների, կուտակումը մոտ 6 կմ է ձգվում։

Նոյեմբերի 20–ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտնել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սահմանափակումները Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին կապված են ձնահոսքի վտանգի հետ։

Վատ եղանակային պայմաններ են նաև Հայաստանում՝ Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 21-ի գիշերը շրջանների մեծ մասում գրանցվել են տեղումներ, առանձին հատվածներում ինտենսիվ:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, առանձին վայրերում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց։ Քամին՝ հյուսիս–արևմտյան 4-7 մ/վ, 20-21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին կնվազի 7-10 աստիճանով, 22-ի գիշերը ևս 3-4 աստիճանով։

Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում նոյեմբերի 21–ի ցերեկը սպասվում է +11, նոյեմբերի 22–ին՝ +13 աստիճան։