Արքեպիսկոպոս Գալստանյան. Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ

Արքեպիսկոպոս Գալստանյան. Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ

PanARMENIAN.Net - Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է, որ իրեն ռևանշիստ է համարում և դա ատելություն չի ենթադրում։

Նա նշել է, որ հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետև «մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել», գրում է Aysor.am-ը։

«Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ և այդպես եմ ապրելու մինչև կյանքիս վերջին վայրկյանը: Որովհետև այն ուղղված չէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգևոր իմաստով, թե΄ բարոյական իմաստով, և թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնելու և մեր Տիրոջ առաջ կանգնելով ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եվ մենք այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության և փրկության վերահաստատումը: և այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ ճանապարհ կա տունը վերականգնելու: Դա ատելություն չի ենթադրում, ընդհակառակը՝ դա ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն և բոլոր առաքինությունները և ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու նա կարողանա հանգիստ ապրել: Մեզ կարող եք մեղադրել, որ մենք անընդհատ խոսում ենք, բայց անընդհատը չի փոխել մեր իրականությունը և դեռ ավելին է խորացել և դեռ ավելին է խորանալու: և այս հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետև մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել», - ասել է նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---