Քաղշին ոլորտի կազմակերպությունները կլիցենզավորվեն նոր սկզբունքով

Քաղշին ոլորտի կազմակերպությունները կլիցենզավորվեն նոր սկզբունքով

PanARMENIAN.Net - Այսուհետ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորման գործընթացն իրականացվելու է նոր պահանջներով, դրվում է նաև մասնագետների հավաստագրման պահանջ։ Ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում կազմակերպությունների լիցենզավորմանը և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները։ Այդ մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը՝ ներկայացնելով փոփոխությունները։

Նա նշել է, որ նախ սահմանվել է լիցենզավորման դասակարգում, հայտնում է Արմենպրեսը։

«Մինչ այս քաղաքաշինության ոլորտի լիցենզիաները միատեսակ են եղել, բոլոր սուբյեկտներին տրվել է նույն հնարավորությունը, ինչն արդյունավետ չէ։ Նոր օրենսդրությամբ կազմակերպությունները կդասակարգվեն։ Կսահմանվի 3 դաս։ Ըստ յուրաքանչյուր դասի էլ կսահմանվի տվյալ կազմակերպությունների գործունեության շրջանակը։ Օրինակ՝ նոր ստեղծվող կազմակերպությունը կարող է հավակնել միայն ցածր դասի լիցենզիայի, այն է՝ կառուցել, վերակառուցել առաջին և երկրորդ ռիսկայնության օբյեկտներ, անհատական տներ, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ։ Բազմաբնակարան շենքերի, հասարակական նշանակության դպրոցների կառուցմանը նորաստեղծ կազմակերպությունը չի կարող հավակնել»,-ասել է Գրիգորյանը։

Նոր փոփոխությունների համաձայն՝ կազմակերպությունների ինժեներական անձնակազմի պատասխանատու մասնագետները պետք է հավաստագրվեն։ Ներդրվում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգը։ Մասնագետներն ունենալու են 1-3 կարգ։ Յուրաքանչյուր կարգը կտրվի՝ կախված օբյեկտի ռիսկայնությունից։

«Հիմա կհավաստագրենք անցումային այս փուլում, սակայն մասնագետը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է անցնի մասնագիտական զարգացման գործընթաց, հավաքի համապատասխան կրեդիտներ։ Առայժմ այս փոփոխությունները վերաբերում է ինժեներական հատվածին, սակայն հետագայում մասնագետների շրջանակը ընդլայնվելու է»,-ասել է Գրիգորյանը։

Դրանից բացի, կազմակերպությունները վարկանիշավորվելու են։ Այսինքն՝ քաղաքաշինական ոլորտի մասնագիտական կազմակերպություններ փնտրելիս եղած տվյալները բավական օգտակար կլինեն։ Մյուս կողմից տեսանելի կլինեն կազմակերպությունների ու մասնագետների թերացումները։ Նոր փոփոխությունների համաձայն՝ պատասխանատվություն են կրելու ոչ միայն կազմակերպությունները, այլև՝ մասնագետները։ Այս բոլոր գործընթացներն ազդելու են կազմակերպությունների ու մասնագետների վարկանիշավորման վրա։ Հետևաբար՝ հետագայում շինարարական ծրագրերին հավակնող կազմակերպությունների համար կարևոր է լինելու վարկանիշը, ինչն էլ նպաստելու է աշխատանքի պատշաճ իրականացմանը։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս գործընթացով ստեղծում է կազմակերպությունների ու պատասխանատու մասնագետների պատմություն։

Ներկայում հանրապետությունում գործում է մոտ 4 հազար լիցենզավորված կազմակերպություն։

Լիցենզավորման ու հավաստագրման ողջ գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---