ՀԷՑ–ը 2024-ին էլէներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի

ՀԷՑ–ը 2024-ին էլէներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի

PanARMENIAN.Net - ՀԷՑ–ը 2024 թ. էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացնի։ Այդ մասին ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է սակագնի մասին վերջնական որոշում կայացնում, իսկ մենք մարժայի (ապրանքների առուվաճառքի գների տարբերությունը) մեր մասի գործընթացի տերն ենք, և յուրաքանչյուր տարի փոփոխությունների ենք ենթարկում այն։ Այս տարի նույնպես փոփոխել ենք այն, քանի որ համապատասխանաբար ավելի քան 34 մլրդ դրամի ներդրում ենք արել, որն իր արտացոլումը պետք է ունենար մեր մարժայի ավելացման վրա»,– ասել է նա։

Արշակյանը նշել է, որ այս տարի եղել են գործոններ, որոնք կարող էին ազդել սակագնի փոփոխության վրա, բայց ընկերությունը չի գնա այդ քայլին։

«Մոտ 3 մլրդ դրամի վնաս ենք կրել էլեկտրական էներգիայի կառուցվածքի պլանայինի ու փաստացի տարբերության հետևանքով։ Բացի այդ, այս տարի ՋԷԿ–երն են ավելի շատ աշխատել, ատոմակայանը քիչ, սակայն ես չեմ կարծում, որ այս երկու գործոններն ու մեր մարժայի ավելացումը կարող են ազդել վերջնական սպառողի սակագնի փոփոխության վրա»,– վստահեցրել է Արշակյանը։

ՀԷՑ–ը 2024 թ. նախատեսում է մոտ 40 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնել, որի ուղղությունները գրեթե նույնն են, ինչ նախորդ տարիներին` ավտոմատ հաշվառման համակարգի ներդնում, աշխատանքներ, որոնք նպաստելու են էլեկտրաէներգիայի անջատումների քանակի նվազմանը և այլն։

Արշակյանի խոսքով` բաշխիչ ցանցում էլեկտրաէներգիայի կորուստը 2023 թ. մոտավորապես կազմել է 6.6 տոկոս։ Նշենք, որ ՀԾԿՀ–ի կողմից նորմատիվային թույլատրելի մեծությունը 7 տոկոսն է։

«2015 թ. սկսած մեր միջոցառումներն այնպես ենք անում, որ նորմատիվից ավելի ցածր կորուստ ունենանք, և այդ գումարն ուղղենք զարգացման ծրագրերին»,– ընդգծել է ՀԷՑ ներկայացուցիչը։

Երկու առաջ ՀԷՑ–ը պարտատոմսերի առաջին թողարկումն է արել` մոտ 32 մլրդ դրամի։

«Այդպիսով մենք նոր մշակույթ ենք ներմուծում մեր ներդրումները ֆինանսավորելու համար, այսինքն վարկերից անցնում ենք պարտատոմսերի թողարկմանը։ Դա կնվազեցնի մեր կողմից ներգրավվող վարկերի ծավալը, բացի այդ, կաշխուժացնի մեր պարտատոմսերի շուկան, իսկ դա բոլոր երկրներում առողջ տնտեսության կարևոր գրավականն է»,– տեղեկացրել է Արշակյանը։

Հեռանկարում ՀԷՑ–ում մտածում են նաև բաժնետոմս թողարկել։ Մասնավորապես, 2024 թ., ցանկանում են դոլարային պարտատոմս թողարկել` մոտ 100 մլն դոլարի, որը լինելու է, այսպես կոչված, «կանաչ բոնդեր». ստացած ամբողջ եկամուտն ուղղվելու է բնապահպանական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

«Այս դեպքում մեր հիմնական թիրախային բաժանորդները լինելու են դրսի ընկերությունները, իսկ արդեն հաջորդ քայլը կլինի բաժնետոմսերի թողարկումը»,– նշել է Արշակյանը։

Ըստ նրա ապագան արևային էներգիայինն է, որն այսօր բավականին լուրջ մոտ 10 տոկոսից ավելի էլեկտրաէներգիա է ապահովում մեր երկրում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---