23 դեկտեմբերի 2023 - 13:23 AMT
Կատաղությունը գրեթե 100%-ով մահաբեր է. ԵՊԲՀ-ն ներկայացրել է կանխարգելիչ գործողությունները

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» վերլուծականն անդրադարձել է կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին։

Նշվում է, որ հիվանդությունն ունի 100% մահաբերություն։

Նշվում է, որ հիվանդությունն ընթանում է սուր նյարդաբանական ախտանիշների համակցությամբ՝ գերակտիվության դրսևորմամբ կամ կաթվածահարման ախտանիշների համակցությամբ, բնորոշ է՝ ջրավախություն, լուսավախություն, զարգանում է շնչառական անբավարարություն, կոմա և մահ:

«Չնայած 1885 թվականից կատաղության դեմ պատվաստանյութի առկայությանը, այսօր էլ ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում, առավելապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Վերջին շրջանում Հայաստանում շների հարձակումների դեպքերը բավականին հաճախադեպ են, իսկ վերջերս արձանագրված երիտասարդ կնոջ մահը, որի համար պատճառ էր հանդիսացել ամիսներ առաջ շան կծելու միջադեպը, հիմք հանդիսացավ մեկ անգամ ևս անդրադառնալու կատաղություն հիվանդությանը, դրա կլինիկային և նման դեպքերում անհրաժեշտ կանխարգելիչ գործողություններին:

Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Հիվանդությունն ունի 100% մահաբերություն»,–ասվում է գրառման մեջ:

Կատաղության դեմ պատվաստանյութը կանխում է հիվանդության զարգացումը 96-98%-ով: Սակայն, պատվաստումը նվազ արդյունավետ է, եթե ներարկումները սկսել են իրականացնել կծելու պահից 14 օր և ավելի անց: Հակամարմինները ի հայտ են գալիս պատվաստումները սկսելուց հետո 2 շաբաթ անց՝ հասնելով առավելագույնի 30-40 օր հետո:

Կանխարգելիչ գործողություններն են՝

պահպանել ընտանի կենդանիների խնամքի և պատվաստման կարգը

չգնել և չխնամել շներ առանց անասնաբույժի տեղեկանքի` կատաղության դեմ պատվաստված լինելու վերաբերյալ

կենդանու կողմից հարձակման ենթարկվելու կամ կծվածքի դեպքում անհրաժեշտ է կատարել կծած հատվածի առաջնային մշակում օճառաջրով, այնուհետև՝ յոդի սպիրտային խիտ լուծույթով և անհապաղ դիմել բժշկի /ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում/

հնարավորության դեպքում հսկողության տակ պահել կծող կենդանուն՝ 7-10 օրվա ընթացքում: