Ներդրումային կոմիտեն նախնական հավանություն է տվել Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու ծրագրին

Ներդրումային կոմիտեն նախնական հավանություն է տվել Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու ծրագրին

PanARMENIAN.Net - Ներդրումային կոմիտեն նախնական հավանություն է տվել Շիրակում չոր նավահանգիստ ստեղծելու ծրագրին: Նախագիծը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, կնպաստի բեռների տեղաշարժի արագացմանը, բեռնափոխադրումների իրականացման որակի բարձրացմանն ու ծավալի ավելացմանը:

Արդյունքում, կստեղծվի չոր նավահանգիստ՝ ազատ տնտեսական գոտի հանդիսացող արդյունաբերական պարկերի միջոցով, «Հայաստանը կդառնա տարանցիկ տրանսպորտային և արտահանման կենտրոնացված արտադրական հանգույց», ասված է հաղորդագրության մեջ:

Նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախագծի իրագործման արդյունքում Գյումրիում կստեղծվեն հազարավոր աշխատատեղեր, տրասնպորտային հանգույց, որն օդային, ցամաքային և երկաթուղային կապով կապված կլինի մոտակա նավահանգիստների և խոշոր տրանսպորտային երակների հետ: Վահան Քերոբյանի խոսքով՝ ծրագիրը տնտեսական մեծ արդյունք կլինի ոչ միայն Շիրակի մարզի, այլև ամբողջ Հայաստանի համար:

Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ ծրագիրն ինտեգրված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ»-ի հյուսիս-արևմտյան հանգույցը, որն իրագործման պարագայում արդեն կապահովի Հայաստանի կապվածությունը նաև տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ՝ Կառավարությունն ունի ներդրման իր հատվածը, որը կազմում է 37 մլն դոլար, բայց նաև ներգրավվելու են խոշոր օտարերկրյա ներդրողներ, որոնք պետք է լինեն չոր նավահանգստի օպերատորները, և որոնց ներդրումների ծավալներն էապես ավելի մեծ կլինեն:

Ծրագրի իրականացումը նախատեսվում է 5-7 տարվա ընթացքում։

Դեռևս 2022-ին Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է չոր նավահանգիստ կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ, այն անմիջական հասանելիություն կունենա երկաթգծին, օդանավակայանին, կգտնվի Հյուսիս-հարավ ճանապարհի վրա։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---