Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցվի. Այն գործելու է անվճար

Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցվի. Այն գործելու է անվճար

PanARMENIAN.Net - «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Գորիսում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցի: Պատասխանատուները Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել են ծրագրի բովանդակությունը, սպասվելիք գործողությունները, հայտնում է Գորիսի համայնքապետարանը։

Սմարթ կենտրոնը գործելու է անվճար: Բնակավայրերի երեխաների տեղափոխությունը լինելու է անվճար, համայնքը ևս իր մասնակցությունը կունենա՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ բնակավայրերում այժմ էլ հանրային տրանսպորտն անվճար է:

ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման համար համայնքն արդեն իրականացրել է հողահատկացում: Սմարթ կենտրոնը կառուցվելու է ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ, այն ունենալու է կրթական, մշակութային, մարզական, նաև գյուղատնտեսական ու սոցիալ-ձեռնարկատիրական բաղադրիչներ: Սմարթ կենտրոնի կառուցման մեկնարկի համար հայտարարվել է ճարտարապետի մրցույթ, միջազգային և տեղացի ճարտարապետները կաշախատեն նախագծի շուրջ՝ համայնքի հետ քննարկելով, որպեսզի կառուցվող շենքն իր կոլորիտով, ճարտարապետական լուծումներով համահունչ լինի քաղաքի ճարտարապետական տեսքին՝ չխախտելով բնական լանդշաֆտը:

Ավելի քան 6000 երեխա ու երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:

Սմաթ կենտրոնի կառուցման ծրագրում ներառված է նաև ֆուտբոլի դաշտի կապիտալ նորոգումը, այդ թվում՝ նոր մարզահրապարակների ստեղծում: Վարարակն գետի հարակից տարածքների ենթակառուցվածքները ևս բարելավվելու են, կկահավորվեն նաև հարակից տարածքները:

Ծրագրում համայնքը ևս իր ներդրումն ունի՝ դեպի Սմարթ կենտրոն տանող մոտեցման ճանապարհները հիմնանորոգվելու են, դեպի Հին Գորիս գյուղ ճանապարհի կապիտալ նորոգման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ շաբաթ: Ծրագրի ղեկավարների հետ հանդիպումից հետո Գորիս համայնքի ղեկավարի հետ միասին հյուրերը շրջայց են կատարել Գորիս համայնքում և այցելել մշակութային հաստատություններ, թանգարան, պատմամշակութային վայրեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---