ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ուսուցիչ արդեն գործուղվել է մարզեր՝ դպրոցներում աշխատելու

ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ուսուցիչ արդեն գործուղվել է մարզեր՝ դպրոցներում աշխատելու

PanARMENIAN.Net - ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորող ընդգրկված է հանրակրթական ուսումնական հաստատությունում, 250 ուսուցիչ արդեն գործուղվել է մարզեր՝ դպրոցներում աշխատելու: Այդ մասին ասուլիսում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ Ստալ Սարդարյանը։

Նրանց տրամադրվում է մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով լրավճար, հայտնում է Արմենպրեսը։

«Սկզբնական փուլում երեխաները դպրոցներում տեղավորվեցին անկախ անհրաժեշտ փաստաթղթերից։ Դրանից հետ կատարվեց նրանց կարիքի գնահատումը, շատ արագ փորձեցինք վեր հանել եղած խնդիրները, ըստ դրա էլ մշակվեցին աջակցության ծրագրերը։ Աջակցություն ցուցաբերվեց ոչ միայն հոգեբանական, այլև կրթական ծառայությունների առումով, հատկապես բարձր ավարտական դասարաններում սովորողների համար՝ մասնագիտական կողմնորոշման հարցում։ Բոլոր աշակերտներն ապահովվեցին նաև անհրաժեշտ դասագրքերով»,-ասել է Սարդարյանը:

Այս ընթացքում մշակվել և իրագործվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության ծրագիրը։ Կառավարության որոշմամբ հաստատվել է գործուղման կարգ, որով հնարավորություն է տրվել արցախցի ուսուցիչներին գործուղել մարզեր և աշխատել այնտեղ գտնվող ուսումնական հաստատություններում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանի խոսքով՝ կարիքների գնահատումը ցույց է տվել, որ հիմնական բացերից մեկը գրենական պիտույքների, դպրոցական պայուսակների, այլ պարագաների բացակայությունն էր։ Նախարարությունը, համայնքները, միջազգային ու տեղական կազմակերպությունները լծվեցին այդ պարագաների ձեռքբերման ու տրամադրման գործին։

«Այդ փուլում կարևոր էր հյուրընկալող դպրոցների հետ աշխատանքը, որպեսզի կարողանային ինտեգրումը սահուն ապահովել։ Շատ ցցուն էին երեխաների հոգեբանական, սոցիալական խնդիրները, հաղորդակցման դժվարությունները։ Այստեղ մեծ աշխատանք էր տարվում դպրոցների հոգեբանների հետ։ Սկզբնական շրջանում դժվարություն կար այս երեխաներին դպրոց բերելու հարցում, որովհետև անորոշ վիճակ էր, թվում էր, թե ինչ-որ փուլից հնարավոր է վերադառնան իրենց տներ։ Մեծ աշխատանք պահանջվեց, որ այդ երեխաները գան դպրոց»,-ասել է Ալվարդ Պողոսյանը։

Մյուս խնդիրն այն էր, որ ԼՂ-ում եղած ժամանակ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, նրանցից շատերը բաց էին թողել կրթական ծրագրեր, և անհրաժեշտություն կար այս ուղղությամբ ևս հավելյալ աշխատելու։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---