10 փետրվարի 2024 - 15:36 AMT
Փաշինյան․ Միայն վարչարարության հաշվին 18%-ով նվազել է նպաստառու ընտանիքների թիվը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է նպաստառու ընտանիքների թվի նվազմանը։

«18 տոկոսով նվազել է մեր նպաստառու ընտանիքների թիվը, այսինքն` սա միայն վարչարարության հաշվին, որ այն ընտանիքները պիտի նպաստ չստանան, բայց ստանում են, մենք գնացել ենք, հայտնաբերել ենք և հանել ցուցակներից»,- նշել է վարչապետը։

Պատասխանատուները նշել են, որ 2021 թվականից նվազել է թիվը մինչև 82 հազարի, ու այսպես դինամիկան պահպանվել է: Նշվել է, որ 7-8 հազարով պակասել է նաև նպաստ ստանալու դիմողների թիվը։

«Այսինքն` մարդիկ ամեն տարի, որ պետք է գան, դիմեն, որ փաստագրվեն, ենթադրվում է, որ հասկացել են, որ իմաստ չունի դիմելը»,- ասել է ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Բայց դե այդ էլ եկեք նայենք, հարգելի գործընկերներ, լավ ասենք, ենթադրենք մի տարի 5.5 տոկոս է տնտեսական աճը, մի տարի 12 տոկոս, մի տարի 8 տոկոս, դա պետք է մի ձևով արտահայտվի։ Օբյեկտիվ տվյալներ կան, ասենք, օրինակ՝ պետական բյուջեի եկամուտները, դա օբյեկտիվ տվյալ է և այդ օբյեկտիվ եկամուտների աճն այստեղ որևէ ձևով պետք է արտահայտվի։ Իհարկե, շատ դեպքերում, ցավոք, ոչ այն ծավալով, որ իրենք էլ, մենք էլ կուզեինք, բայց այնուամենայնիվ, պետք է արտահայտվի։ Նկատի ունեմ դուք այդ տեսանկյունից եք նայում, ասում եք մտածել են իմաստ չունի, որ դիմեն։ Այսինքն դա ուրիշ բան էլ է նշանակում, որ գնահատող խումբը կգա, կտեսնի, որ իզուր է դիմել քաղաքացին։ Այսինքն` նայած ինչ դիտանկյունով նայենք»։

Պատասխանատուները նշել են, որ փաստագրման համար բոլորը պարտավոր են յուրաքանչյուր տարի դիմել՝ նպաստ ստանալու համար:

Նշվել է նաև, որ Ծառայության 49 տարածքային կենտրոնների կողմից իրականացվել է 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 48,614 հրատապ առաջնային կարիքների գնահատում։ Տարածքային կենտրոնների համակարգմամբ գործել են 2 կոորդինացիոն կենտրոններ՝ Շենգավիթի տարածքային կենտրոնում և Փարաքարի մշակույթի տանը՝ Վաղարշապատի Տարածքային կենտրոնի համակարգմամբ։ Տվյալ կենտրոններում իրականացվել են տեղահանվածների կարիքների գնահատման աշխատանքներ, աջակցության ծրագրերի վերաբերյալ տրամադրվել խորհրդատվություն և ժամանակավոր կեցության վայրի տեղափոխում։

Սահմանամերձ համայնքներում 16 մլն դրամի տրամադրման միջոցով բնականների կառուցման ծրագրին փետրվարի 8-ի դրությամբ արդեն հաստատվել է 419 հայտ, որակավորվել է 214-ը։