Վահան Քերոբյանը լքում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

Վահան Քերոբյանը լքում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այլևս չի զբաղեցնում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզել է թողնել աշխատանքը, միաժամանակ շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար։

«Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3–ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8–ից երեկոյան 9–ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86–րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20–ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Քերոբյանը կառավարության նիստում, անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումներին, ասել էր, որ պատժվում են մարդիկ, ովքեր չեն գողացել, կամ ապացուցված չէ, որ գողացել են, և ստացվում է, որ պարալիզացրել ենք ամբողջ պետական համակարգի աշխատանքը։ Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով այն հարցի, թե կարող է արդյոք կոռուպցիոն շղթան հասնել իրեն, բացառել էր նման հավանականությունը։

Նախարարությունում ենթադրյալ չարաշահումների քրեական վարույթների շրջանակում տնային կալանքի տակ է փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը։ Գործով անցնում են նաև այդ ընկերության նախկին աշխատակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, և ևս մեկ աշխատակից՝ Լիլի Մկրյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---