17 փետրվարի 2024 - 16:27 AMT
Նավալնու մահվան լուրից հետո Երևանում ակցիա է տեղի ունեցել ՌԴ դեսպանատն մոտ

Փետրվարի 16–ին, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել էին մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել էին արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ։

Նրանք «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով պաստառներ էին պարզել, կային պաստառներ նաև ուղիղ մեղադրանքներով Ռուսաստանի իշխանություններին Նավալնիի, իրենց բնորոշմամբ, «սպանության» համար, հայտնում է «Ազատությունը»։

«Մարդիկ համաձայն չեն, որ այսօր երկրում պատերազմ է ընթանում, իսկ ընդդիմության ամենագլխավոր ղեկավարին այսօր, կարելի է ասել, բերդում սպանում են։ Այս մարդիկ, որ այսօր հավաքվել են այստեղ, պատասխանատվությունը Վլադիմիր Պուտինի վրա են դնում», - ասել է հավաքվածներից մեկը։

Անմիջապես Ռուսաստանի դեսպանատանը մոտանալ ցուցարարներին չի հաջողվել, նրանք շենքի դիմացի մայթին են կանգնել։

Փետրվարի 16–ին հայտնի դարձավ, որ ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։ Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը։ Նավալնին պատիժը կրում էր Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Խարթ ավանում գտնվող «Բևեռային արջ» ուղղիչ գաղութում, ուր նրան վերջերս էին տեղափոխել Վլադիմիրի մարզից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հանձնարարություններ հարկավոր չեն։ Նա հավելել է, որ Նավալնու մահվան պատճառները պետք է պարզեն բժիշկները։