Բադասյան․ ՊԵԿ–ը կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին՝ օրենսդրական փոփոխություններ կլինեն

Բադասյան․ ՊԵԿ–ը կընդառաջի արտագնա աշխատանքի մեկնողներին՝ օրենսդրական փոփոխություններ կլինեն

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ՊԵԿ–ն ընդառաջ է գնում արտագնա աշխատանքի մեկնողներին և խոստանում օրենսդրական փոփոխություններ կատարել։

Նա վստահեցրել է, որ որևէ տույժի կիրառում, մայր գումարի գանձում կամ որևէ այլ գործողություն չի իրականացվի մինչև քննարկումների ավարտը, գրում է Sputnik Արմենիան։

Արտագնա աշխատանքի մեկնողներն այսօր փակել են Երևան–Մարտունի ճանապարհը բողոքելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օրենսդրական փոփոխությունների դեմ։ Համաձայն այդ փոփոխությունների արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացած եկամտից պետք է Հայաստանում եկամտային հարկ վճարեն։ՊԵԿ–ը նաև ծանուցել էր, որ բացի եկամտահարկի տարբերության վճարումից, ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները յուրաքանչյուր չվճարված օրվա համար կտուգանվի 0.04 տոկոսով։

«Արդարացիության տեսանկյունից հարց է բարձրացվել։ Ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների գծով որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխություններ։ Այդ մասով ՀՀ ֆինանսների նախարարության հետ աշխատում ենք հիմա։ Հետևաբար, անհանգստանալու, հարցը չափազանցնելու, ինչ–որ քաղաքական ուժերի կողմից դրան որոշակի շեշտադրումներ տալու և մարդկանց լրացուցիչ սթրեսի ենթարկելու կարիք չկա։ Կքննարկենք ու արդյունքների մասով կտեղեկացնենք»,– վստահեցրել է Ռուստամ Բադասյանը:

Նա հիշեցրել է, որ եկամտահարկի տարբերության վճարման համակարգը ներառված է «ՀՀ հարկային օրենսգրքում», և այն ուժի մեջ է մտել 2018–ին, իսկ ԱՊՀ երկրների 2020 թ–ին ստորագրված համաձայնագիրը հարկային մարմինների տվյալների փոխանակման մասին, ուժի մեջ է մտել 2021–ին։ Ըստ այդ համաձայնագրի` ՀՀ ՊԵԿ–ը միայն 2023 թվականին է ստացել 2022 թվականի տվյալները և հարկային պարտավորությունների մասին ծանուցումներն ուղրակել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին։

«Պետությանը վճարվելիք հսկայական գումարների մասին այստեղ խոսք չի գնում, այլ ընդամենը հարկման մշակույթի հարց է։ Առաջին անգամ պետք է այս ոլորտում վարչարարություն անեինք, սակայն հիմա մեզ ազդակ է եկել, որ օրենսգրքի որոշ կարգավորումներ վերանայման կարիք ունեն։ Ծանուցումներն ուղարկելիս մենք սպասում էինք, որ կստանանք արձագանքներ, քանի որ առաջին անգամն էինք երևույթի հետ առնչվում»,– նշել է Բադասյանը։

Բադասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տուգանքների մասին ծանուցումներ ստացած անձինք պարտավոր չեն լինելու դրանք վճարել` մինչև համապատասխան քննարկումներն ու դրանց արդյունքները չլինեն։

Եթե ՀՀ քաղաքացին ԱՊՀ տարածքում է գտնվել ու աշխատել 183 և ավելի օր, դառնում է այդ երկրի ռեզիդենտ ու կատարած աշխատանքի շահույթից վճարում 13 տոկոս եկամտահարկ։ Արդյունքում, քանի որ ՀՀ–ում եկամտահարկն ավելի բարձր է, քան 13 տոկոսը (այժմ այն 20 տոկոս է,–խմբ.), նվազագույն եկամուտների դրական տարբերությունը կազմում է 7 տոկոս, ու ՀՀ ՊԵԿ–ն այն հաշվարկել է ԱՊՀ երկրներ աշխատանքի մեկնած մեր քաղաքացիների համար որպես չվճարված հարկ։ Եթե աշխատանքային միգրանտը 183 օրից պակաս է գտնվել ԱՊՀ այլ երկրում, նա այլևս այդ երկրի ռեզիդենտ չէ և վճարում է 30 տոկոս եկամտահարկ ու հետևաբար ՀՀ–ում ազատվում հարկերից։ ՊԵԿ–ը, ըստ օրենքի, կիրառելու է նաև տույժեր` յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0.04 տոկոսի չափով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---