Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված

Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված

PanARMENIAN.Net - «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 12–ի ասուլիսին, գրել է, որ վարչապետը հաստատել է, որ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված, որով ներկայումս անցնում է Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը, փորձելով քողարկել դա «խաղաղության օրակարգի» մասին կեղծ և արդեն զզվելի դարձող թեզերով։

«Երեկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իր իսկ խոսքերով «ռադը քաշելու» փոխարեն, փորձեց մեր ժողովրդին կրկին կերակրել ստերի և մանիպուլացիաների մի նոր տարափով, փորձելով հող նախապատրաստել՝ թշնամուն հերթական միակողմանի զիջումների համար․․․

Մենք համոզված ենք, որ այս ամենի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի մաս-մաս հանձնումը թշնամուն, Արցախը միայն դրա ողբերգական սկիզբն էր։ Երեկ մեր «Հայաքվե» նախաձեռնության խորհուրդը հստակ գնահատակն տվեց այս հերթական դավաճանական գործողությանը, առաջիկա օրերին մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք՝ ի պաշտպանություն մեր հայրենիքի և նրանում ապրող մարդկանց։ Մինչ այդ, ստորև կիսվում եմ հայտարարությամբ, և կոչ անում բոլոր արժանապատիվ մարդկանց՝ տեր կանգնել մեր հայրենիքին, նրա հող ու ջրին»,–գրել է նա։

Չալաբյանը նաև մեջբերել է «ՀայաՔվեի» հայտարարությունը Տավուշի մարզից գյուղերի զիջման անթույլատրելիության մասին, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի լկտի գործելակերպն ուղղակի հետևանք է Հայաստանում գործող հակազգային վարչախմբի պարտվողական քաղաքականության և միակողմանի զիջումների։

«Հերթական անգամ համոզվեցինք, որ գործող իշխանությունների կողմից Արցախն Ադրբեջանին հանձնելը դուռ է բացել Հայաստանի հանդեպ նորանոր ագրեսիաներ գործելու համար։ Բավքի այս սանձարձակությունը ցույց է տալիս նաև, որ Փաշինյանի վարչախմբի իշխանության ներքո Հայաստանը չի դիմակայում ադրբեջանական ագրեսիային և ոչ էլ ապահովում է այդ ագրեսիան կանխելու ունակ դաշնակից կամ գործընկեր երկրների աջակցությունը։

Այս վարչախումբը ծրագրված կերպով մեր երկիրը ներքաշել է աշխարհաքաղաքական խարդավանքների ու բախումների ոլորտ՝ այն կանգնեցնելով նոր ու ավերիչ պատերազմի շեմին, որից խուսափելու համար պատրաստ է նորանոր, ոչ պակաս կործանարար զիջումների գնալ։ Այսպիսի զիջումները կմասնատեն Հայաստանը և նրա տարբեր մասերը կդարձնեն հետագա ագրեսիայի հեշտ թիրախ։

Ուստի վերահաստատում ենք մեր համոզմունքն առ այն, որ Փաշինյանի վարչախումբն այլևս որևէ իրավունք չունի Հայաստանի անունից բանակցություններ վարելու և պետք է օր առաջ հեռանա՝ ճանապարհ բացելով ազգային պրագմատիկ իշխանության ձևավորման համար, որը կհամախմբի մեր ժողովրդին՝ հայրենի հողի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար»,–ասվում է «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի հայտարարության մեջ։

Ընթերցեք նաև․ Փաշինյան․ Չեմ բացառում, որ դելիմիտացիան կսկսվի Տավուշից

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---