Ֆիդան. Ակնկալում ենք, որ Զանգեզուրի գծի բացումը համընդահնուր աջակցություն կստանա

Ֆիդան. Ակնկալում ենք, որ Զանգեզուրի գծի բացումը համընդահնուր աջակցություն կստանա

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների Բաքվում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Թուրքիան ակնկալում է, որ «Զանգեզուրի գծի բացումը համընդահնուր աջակցություն կստանա»:

«Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի գծի բացմանը»,–ասել է նա, հայտնում է APA-ն։

Նշելով, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, իսկ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու»՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ քննարկումներ են ունեցել՝ երկրների միջև համագործակցությունը խթանելու համար։

«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել յուրաքանչյուր հարցում», - ասել է Ֆիդանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի։ Ըստ նրա, ադրբեջանական բեռներն ու ուղևորները պետք է ՀՀ տարածքը հատեն առանց որևէ ստուգման։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։

Ալիևը հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---