Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ Նա քիմիաթերապիա է անցնում

Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ Նա քիմիաթերապիա է անցնում

PanARMENIAN.Net - Ուելսի արքայադուստր Քեյթի՝ Քեյթ Միդլթոնի մոտ քաղցկեղ է ախտորոշվել․ նա քիմիաթերապիա է անցնում։ Այդ մասին հայտարարել են Քենսինգթոնյան պալատից։

Միդլթոնը որովայնի հատվածում վիրահատության էր ենթարկվել հունվարին, որից հետո կատարված հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել է ուռուցքը։ Ուռուցքի տեսակի մասին տեղեկատվություն չի հրապարակվել, գրում է BBC-ն։

Քիմիաթերապիայի կուրսը Քեյթը սկսել է փետրվարի վերջից։

Արքայադուստրը հանդես է եկել տեսաուղերձով։

«Անշուշտ, դա մեծ ցնցում էր, և մենք Ուիլյամի հետ ամեն ինչ անում ենք դա իմաստավորելու և հաղթահարելու համար՝ հանուն մեր երիտասարդ ընտանիքի։ Ինչպես հասկանում եք, դրա համար ժամանակ էր պետք։ Ինձ ժամանակ էր հարկավոր լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և քաղցկեղի դեմ բուժումը սկսելու համար։ Բայց կարևորն այն է, որ մեզ ժամանակ էր պետք ամեն ինչ Ջորջին, Շարլոտտային և Լուիին պատշաճ կերպով բացատրելու համար և հավաստիացնելու, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի»,–ասել է 42–ամյա Քեյթը։

Հունվարին տարած վիրահատությունից ի վեր Քեյթը չի հայտնվել հրապարակային միջոցառումներին, ինչը բազմաթիվ ասեկոսերի առիթ էր տվել։

Քեյթը միակը չէ թագավորական ընտանիքից, ում մոտ վերջին տարիներին քաղցկեղ է ախտորոշվել։ Ուռուցք էր հայտնաբերվել նաև թագավոր Չարլզ 3–րդի մոտ, ընդ որում, նույնպես այլ բժշկական միջամտության ժամանակ, որից հետո նա ևս շատ հազվադեպ է երևում հանրության շրջանում։ Ակնկալվում էր, որ Քեյթը կվերադառնա իր արարողակարգային պարտականություններին Սբ Զատկից հետո, որը նշվելու է մարտի 31–ին, սակայն, այժմ պլանները փոխվել են։

Ինչպես ասել է մամուլի քարտուղարը, հունվարին և փետրվարին թագավորն ու արքայադուստրը միասին են բուժվել The London Clinic մասնավոր կլինիկայում, այդ ժամանակվանից ի վեր թագավորը «սերտ շփման մեջ է իր սիրելի հարսի հետ»։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---