Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են

Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը 2 ամսով կալանավորվել են

PanARMENIAN.Net - «Իմնեմնիմի» պոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, որոնք ձերբակալվել էին հաղորդման ժամանակ հայհոյանքներ հնչեցնելու համար, երկու ամսով կալանավորվել են։

Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է, մարտի 23–ին, իսկ Սամսոնյանը կալանավորվել էր արդեն 22–ի երեկոյան։

Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը գիշերը Արմավիր ՔԿՀ-ում տեսակցել է նրան, որից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ Սամսոնյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Սամսոնյանը խնդրել է շնորհակալություն փոխանցել բոլոր աջակիցներին և լուսաբանող լրատավմիջոցներին։

Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել է, որ նրան հիմա տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, հայտնում է Aysor.am-ը։

«Կստանանք դատական ակտը և կպատրաստենք համապատասխան բողոք։ Ըստ էության մենք խոսել էինք նաև այլընտրանքային խափանման միջոցների մասին, նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան, դատարանը նույնիսկ չքննարկեց այդ հարցը»,-ասել է նա։

Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, մարտի 20-ին ինտերնետային YouTube-ոիմ ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---