ՆԳՆ․ Ադրբեջանցիների կրակից Տավուշի գյուղերում քաղենթակառուցվածքներ են վնասվել

ՆԳՆ․ Ադրբեջանցիների կրակից Տավուշի գյուղերում քաղենթակառուցվածքներ են վնասվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների կրակից Տավուշի գյուղերում քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել։

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, կրակ է բացվել ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի ուղղությամբ:

Հատկանշական է, որ գիշերվա ընթացքում ադրբեջանական զինուժի կրակոցների գերակշիռ մասը եղել է ոչ նպատակային և անկանոն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն Իշխանասարի ուղղությամբ ժամը 21:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել են նաև ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---