Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

Հայաստանը խաղաղության եվրոպական գործիքակազմից օգտվելու առաջարկով դիմել է ԵՄ-ին

PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է ԵՄ-ին եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով։ Այդ մասին «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։

«Սա մեկ այլ անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր տեսակի աջակցություններ է տրամադրում պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում։ Այս հարցը գտնվում է քննարկման փուլում, հույս ունեմ Հայաստանը այս գործիքակազմից օգտվողների ցանկում կլինի»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա նաև հայտնել է, որ ԵՄ- Հայաստան գործընկերության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել սկսել աշխատանքը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա՝ սահմանելով ավելի հավակնոտ, համատեղ առաջնահերթություններ՝ բոլոր հաթություններում համագործակցության համար։

«Խոսքն ավելի շատ քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի մասին է, որը գտնվում է մշակման փուլում, ակնկալում ենք դրա մշակումը կամբողջանա մայիս-հունիս ամիսներին»,- ասել է Եղոյանը։

Նա նաև նշել է, որ ԵՄ հետ գործող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու դեպքում, ոչ ձևական, այլ բովանդակային, Հայաստանի եվրաինտեգրաման գործընթացը մի քանի քայլ առաջ կգնա։

Նա նշել է, որ 2020 թվականից հետո ԵՄ–ն նկատելիորեն էլ ավելի է ակտիվացել մեր տարածաշրջանում և դա ուներ տարբեր պատճառներ։

«2021 թվականին ԵՄ-ն Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական և ներդրումային ծրագիր՝ 2․6 միլիարդ եվրո աջակցության փաթեթով։ Գրանտերով, վարկերով տրվող աջակցություն էր, այս պահի դրությամբ այդ գումարից արդեն իսկ տրամադրվել է մեզ և նպատակաուղղվել է 550 միլիոն եվրոն։ Սրա մեծ մասը փոքր և միջին բիզնեսին աջակվող արտոնյալ վարկերն էին»,- ասել է Եղոյանը։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---