Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

PanARMENIAN.Net - ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն էր տարածվել, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։

«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Սարգսյանը։

Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանին ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել, այլև թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։ Նրա խոսքով` Սամվելի տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստվում է Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություններ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն և գլխավոր դատախազություն։

«Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,–նշված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---