Քոչարյանը Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին. Քաղաքական որոշում չկա, իմ կարծիքն է

Քոչարյանը Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին. Քաղաքական որոշում չկա, իմ կարծիքն է

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի ցուցակներ կազմելու թեմայով որևիցե քաղաքական որոշում չկա, Ազգային ժողովի իշխող խմբակցությունը նման քննարկում չի ունեցել, իսկ հնչեցված միտքը անձնական կարծիքն է, հայտնում է Արմենպրեսը։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ցեղասպանության 1.5 մլն հայ նահատակների անուն–ազգանուններն ու հասցեները պետք է արձանագրվեն։

«1.5 միլիոն զոհերի ցուցակներ կազմելու մասին իմ հայտարարությունը ոչ վարչապետի որոշումն է, ոչ էլ նման քաղաքական որոշում կա։ Դա զուտ իմ անձնական կարծիքն է։ Բայց այդ կարծիքը օդից չի վերցված։ Ես թե հայրական, թե մայրական կողմից Ցեղասպանության ենթարկվածների ժառանգ եմ, այդ հիշողության կրողը։ Ու ես կարծում եմ, որ այդ հիշողությունն անհրաժեշտ է ավելի հստակ փաստագրել։ Բնականաբար, դա չի նշանակում կասկածի տակ դնել Ցեղասպանությունը, կամ Ցեղասպանության զոհերի թիվը»,- ասել է Քոչարյանը։

Ըստ նրա, նման հստակ հասցեագրումն ավելի ամուր կդարձնի փաստերը, ավելի արժեքավոր։

«Սա պահանջատիրական մոտեցում է։ Իսկ նման հավելյալ փաստագրումները թույլ կտան ավելի շոշափելի դարձնել պահանջատիրությունը, ինչը խիստ անհրաժեշտ է մեր իրավաբաններին։ Նման կերպ մենք ոչ թե միայն թիվ կհնչեցնենք, այլ անհատապես անուններ։ Իսկ երբ դու նշում ես անուններ, նշում ես, որ այսինչ մարդը այսինչ վայրում այսինչ պայմաններում սպանվել է, այսինքն ավելի հասցեական ես դարձնում քո պահանջը, շատ դժվար է լինում դա հերքել։ Շատ ընտանիքներ պահպանել են փաստաթղթերը, ինչը անգամ թույլ կտա փոխհատուցում պահանջել Թուրքիայից»,- եզրափակել է Քոչարյանը։

Մինչդեռ փորձագետներից շատերը պնդում են, որ ցուցակներ կազմելու պահանջը թուրքական թեզ է և շահարակումների տեղիք է տալու։

Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նշել է, որ ցեղասպանությունը զուտ շատ մարդկանց սպանություն չէ, այն գործողություն է՝ ուղղված որոշակի խմբի ոչնչացմանը և կապ չունի, քանի մարդ է սպանվում այդ գործողության ընթացքում՝ Բոսնիական Սրեբրինիցայի 7000 տղամարդու սպանությունը Արդարության միջազգային դատարանը որակել է որպես ցեղասպանություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---