ՔԿ. ԱՆ-ում և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են

ՔԿ. ԱՆ-ում  և բուժհաստատություններից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով, որի շրջանակներում երեք օր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։

Նշվում է, որ երեք օր անց էլ ո՛չ ՔԿ-ն, ո՛չ առողջապահության նախարարությունը փակագծեր չեն բացում, թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում։

Ավելի վաղ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Ապրիլի 16-ին, երբ խուզարկություն իրականացնելու մասին լուրեր տարածվեին, մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական գործողություններ կատարվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Ավելի ուշ հիվանդանոցը պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում կատարվել են քննչական գործողություններ:

«Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի»,- պարզաբանել էին «Ուիգմոր»-ից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---