Տոնոյանը հանդիպում է պահանջում ՄԻՊ–ի հետ

Տոնոյանը հանդիպում է պահանջում ՄԻՊ–ի հետ

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ, որըտարածել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

Նա նշել է, որ իր պահանջը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջով։

«2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում:

Ե՛վ գործը քննող դատարանը, և՛ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին:

Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը:

Պատրաստվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»,-ասվում է հայտարարության մեջ։

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է պաշտպանական թիմի հերթական միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---