Տավուշի մի շարք բնակավայրերի ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում

Տավուշի մի շարք բնակավայրերի ղեկավարներ ընդգրկվել են սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծվել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Խմբի կազմում ընդգրկվել են նաև Տավուշի մարզպետն ու մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարները։

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ 1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ: 2 2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակով ներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։ 3. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 4. Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին»,- ասվում է որոշման մեջ:

Աշխատանքային խմբում ներգրավված են Տավուշի մարզպետ (աշխատանքային խմբի ղեկավար) Հայկ Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Աղամյանը, Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը, Տավուշի մարզի Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերից մեկական բնակիչներ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

ՀՀ և Ադրբեջանի սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---