ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է

ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն ասուլիսում տեղեկացրել է, որ ինստիտուտը տարվա ընթացքում անցկացրել է կոնֆերանս, որի ժամանակ ընդգծվել է՝ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ։

Նա նշել է, որ, ըստ գիտնականների հաշվարկների, մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է. ոմանք կարողացել են հետ վերադառնալ իրենց հայկակականությանը, բայց շատերը ձուլվել են թուրքական կամ մուսուլմանական այլ հասարակությունների, հայտնում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ «Ցեղասպանության կոնվենցիայի 5 կետերը, որոնք ցույց են տալիս, թե որ գործողությունները կարող են համարվել ցեղասպանություն, դրանցից միայն մեկն է խոսում հենց ուղղակի սպանությունների մասին»։

«Մեր գիտական աշխատանքներով այլևս որոշ շրջանից սկսած Թուրքիայի ժխտողականությանը հակադարձելու խնդիր չի դրվել, որովհետև Հայոց ցեղասպանության փաստը ճանաչված է Հայոց ցեղասպանությամբ զբաղվող բոլոր գիտնականների կողմից»,- ասել է Գզոյանը։

Նրա խոսքով, այն անձինք, որոնք ժխտողական թեզեր են առաջ քաշում, հոդվածներ տպում, հեղինակավոր ամսագրերում չեն տպագրվում, տպագրվում են միայն թուրքական ամսագրերում։

«Իսկ մեր՝ միջազգային կոնֆերանսներին մասնակցելու նպատակը մեր հետազոտությունները ներկայացնելն է, քանի որ ցեղասպանությունը բարդ, բազմաշերտ երևույթ է, մենք դեռևս կարողանում ենք ուսումնասիրել ու վերհանել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստեր, որոնք իրականում խորացնում են մեր գիտելիքը ցեղասպանության վերաբերյալ»,- ասել է Գզոյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---