Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել

Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել

PanARMENIAN.Net - Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ՝ Հայոց ցեղասպանության օրը զորակցություն հայտնելով Բաքվի բանտում ապօրինի պահվող և հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին և մյուս հայ գերիներին, հայտնում է Aysor.am-ը։

Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու են Կիևյան կամրջի սկզբնամասում («ՍԱՍ»-ի հարևանությամբ) և շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ապօրինաբար Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է բոլոր հայ քաղբանտարկյալների անհապաղ ազատում։

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի իր բարեգործական և մարդասիրական գործունեության համար: Նրա թեկնածությունն առաջադրել են մի շարք հեղինակավոր անձինք, որոնց թվում նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր կա:

2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարեց Արցախի Հանրապետություն տեղափոխվելու մասին։ Որոշ ժամանակ անց՝ 2022թ. նոյեմբերի 4-ին նա ստանձնեց Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը: 2023թ. փետրվարի 23 -ին Ռուբեն Վարդանյանին ազատեցին պետնախարարի պաշտոնից, բայց նա շարունակեց մնալ Արցախում և իր հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով բարեգործական ու սոցիալական մի շարք ծրագրեր իրականացնել։ Նա շրջափակման մեջ գտնվող արցախցիների կողքին գտնվել է մինչև վերջ և, 2023թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններից հետո, արցախցիների հետ միասին ստիպված է եղել լքել Ստեփանակերտը՝ շարժվելով դեպի Հայաստան: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, Հայաստանի սահմանի մոտ, Հակարի կամրջի անցակետում Վարդանյանն ապօրինաբար կալանավորվել է Ադրբեջանի կողմից և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---