Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր

Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի քարտուղարի արդյունաբերության և անվտանգության գործակալության արտահանման վերահսկողության հարցերով տեղակալ Մեթյու Աքսելրոդը մայիսի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին, քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, մասնավորապես՝ «Վավերացված վերջնական օգտագործող» ծրագրում Հայաստանի Հանրապետությանը շահառու երկիր ամրագրելու, ամերիկյան որոշ կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվող արտահանումների վրա կիրառվող սահմանափակումների, Հայաստանի Հանրապետությանը «շուկայական տնտեսության կարգավիճակ» տրամադրելու և այլ գործընթացների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։

Նույն օրը նախարարը հանդիպել է նաև ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի առևտրի և գյուղատնտեսության ոլորտում արտաքին հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ջեյսոն Հայֆմեյսթերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերը, ՀՀ-ից ԱՄՆ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալների ավելացման հնարավորությունները, անհրաժեշտ կարգավորումները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։ Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովման վերաբերյալ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---