Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Երևանը Մոսկվային չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։

«Մենք նման խնդրանք չենք ունեցել»,– ասել է նա։

ԱԽ քարտուղարը հավելել է, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է, որ ռուս սահմանապահները դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նաև որ նրանք դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով 17 կետից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։

«Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ վերոնշյալ վայրերից, քանի որ դրանք տեղակայվել էին բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ինչին ռուսական կողմը համաձայնել է։ Նրանք հարցրել են, թե արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան, ինչին հայկական կողմը պատասխանել է, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,– պարզաբանել է Գրիգորյանը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։

«Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, պայմանավորված նրանով, որ պայմանները փոխվել են: Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---