Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը

Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը

PanARMENIAN.Net - Գիշերը ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քիչ առաջ էլ ձերբակալել են Մարտակերտի քաղաքապետին», - ֆեյսուքյան իր էջում գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ Գյուրջյանը, ինչպես և ավելի վաղ ձերբակալված Ասկերանի նախկին քաղաքապետը, մեղադրվում են համայնքապատկան գույքին առնչվող հարցով։

«Պատմությանը հայտնի չէ որևէ դեպք, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած՝ Արևմտյան Հայաստանի որևէ համայնքապետի Ֆրանսիայի, Հունաստանի, արաբական երկրների կամ որևէ այլ օտար երկրի քննիչները, դատախազները ձերբակալեն կամ հետապնդեն՝ համայնքապատկան գույքին վերաբերող հարցերով։ Ոչ մեկի մտքով իսկ նման բան չի անցել։

Իսկ Հայաստանում նման երկու դեպք արդեն առկա է։ Ասկերանի քաղաքապետից հետո ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետը։

Եվ այդ պատվերի տակ մտնողներն ունեն հայի անուն-ազգանուն։ Եվ այդ պատվերի տակ մտնելը լինելու է անջնջելի խարան այդ անուն-ազգանունների համար»,–ասվում է Մելիքյանի գրառման մեջ։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։

Թեպետ հաղորդագրության մեջ բացահայտ չի նշվում, որ խոսքը նրա մասին է, սակայն աղբյուրները հաստատեցին՝ նշված հաղորդագրությունը վերաբերում է Միշա Գյուրջյանին և նրա ձերբակալությանհիմքերին, հայտնում է Sputnik Արմենիան։

«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Մ. Շ-ն և Վ. Ս-ն նախնական համաձայնությամբ՝ խմբով, այլ անձի (անձանց) սեփականության իրավունքով պատկանող, խոշոր չափերով՝ 1,935,000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի, 2010 թվականի թողարկման թեթև մարդատար ավտոմեքենան խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, 2024 թվականի հունվարի 12-ին միասին ներկայացել են ավտոմեքենայի օտարման գործարք կատարելու պետական մարմին, որտեղ Վ. Ս-ն ներկայացնելով կեղծ տեղեկություններ վերոգրյալ ավտոմեքենան օտարելու լիազորություն ունենալու մասին, նույն օրը, առանց օրինական հիմքի, հանդես գալով պայմանագրի կողմեր՝ Վ. Ս-ն որպես նվիրատու, իսկ Մ. Գ-ն ՝ նվիրառու, կազմել են իրավաբանական նշանակության փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ՝ նվիրատվության պայմանագիր, որի արդյունքում գույքն ապօրինի օտարել են Մ․ Գ․-ին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով 1,935,000 դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի վերոնշյալ ավտոմեքենան»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Մայիսի 23-ին ձերբակալվել էր Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը, որին, ըստ որոշ տեղեկությունների, մեղադրում են համայնքապատկան մեքենան Հայաստան բերելու մեջ, որով նա ևս 2 ընտանիքի է Արցախից հասցրել ՀՀ։ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---