ԱՄՆ խոստանում է ավելի ուշ քննարկել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը

PanARMENIAN.Net - «Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումը սկսվեց 20 տարի առաջ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին»,- հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը` ավելացնելով, որ Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը (30 մլն դոլար) 25 տոկոսով ավել է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել:



«Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ` Կոնգրեսի ու Վարչակազմի միջեւ բյուջեի բանակցման ընթացքում»,- նշել է ԱՄՆ դեսպանը` հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղին ֆինանսավորման տրամադրման հարցով բյուջետային հայտ Կոնգրեսին երբեւէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ:



«ԱՄՆ շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանին եւ հայ ժողովրդի հետ վաղեմի բարեկամությանը: ԱՄՆ համար օգնությունը հայ ժողովրդին եղել եւ մնում է առաջնային»,- հայտնել է Յովանովիչը:



ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում նաեւ խախտված է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 30 մլն դոլար: Ավելին, այս անգամ բյուջեի մեջ ընդգրկված չէ ԼՂ-ին հումանիտար օգնություն տրամադրելու մասին կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել է 8 միլիոն դրամի հումանիտար օգնություն:



Բացի դրանից, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին հատկացնել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---