Ավանեսյան. Ոստիկանությունը գործել է իրավաչափ, 8 տուժած դեռ հիվանդանոցում է

Ավանեսյան. Ոստիկանությունը գործել է իրավաչափ,  8  տուժած դեռ հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։

«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դեռևս տուժածներին չի այցելել, բայց պատրաստվում է, հայտնում է Sputnik Արմենիան։

Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Ավանեսյանը նշել է, որ ոստիկանությունը համաչափ է գործել։

«Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- ասել է Ավանեսյանը։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---