Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը

Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը

PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին նա հայտնել է ֆեսյբուքյան իր էջում։

«Տեղեկացնում եմ սրտացավ և մտահոգ, ծանոթ և անծանոթ մարդկանց, որ այսօր ավարտվում է 5-օրյա (մի քիչ պակաս) բողոքի հացադուլս»,- գրել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր հացադուլը բողոքի հացադուլ է և դրանով իր մասնկացությունն է բերում ընդհանուր ընդվզմանը։ Նա հայտարարել է, որ բողոքում է Հայաստանը ոչ իրավական դարձնելու իշխանության գործողությունների դեմ, և բոլորին կոչ է արել «միանալ սրբազան շարժմանը»։

Հունիսի 12-ի երեկոյան Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել։ Վնասվածք է ստացել 101 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---