Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը

Արցախի ԱԺ․ ՀՀ իշխանությունները հատել են իրավական, բարոյական արժեքների սահմանը

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունները հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում է, որ հունիսի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տարածքում տեղի ունեցած միջադեպը վեր հանեց այն փաստը, որ «Հայաստանի գործող իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը»։

«Արցախի հանդեպ նմանօրինակ վերաբերմունքը շարունակությունն է օրեր առաջ՝ հունիսի 12-ին իրականացված բռնաճնշումների, ինչը վկայում է, որ հանուն իշխանության պահպանման նրանք պատրաստ են ոտնահարել երկրի Սահմանադրությունը և, անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ կիրառելով սեփական ժողովրդի դեմ, կասկածի տակ դնել Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը և իրավական պետություն լինելու հանձնառությունը: Մեզ համար անընդունելի ու խստիվ դատապարտելի են այսպիսի երևույթները։

ՀՀ իշխանություններն արդեն տևական ժամանակ է, ինչ ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիների տարբեր խմբերի ու անհատների, կիրառելով նրանց դեմ բռնաճնշումներ, խտրական վերաբերմունք՝ օգտագործելով «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ բառապաշար։

Նման պայմաններում միաժամանակ տեղին ենք համարում երախտագիտության խոսք հղել հազարավոր ՀՀ մեր հայրենակիցներին, ովքեր արհամարհելով արհեստականորեն ստեղծված բաժանարար գծերը, անցած ինը ամիսների ընթացքում՝ մեզ համար դժվարին օրերին, ամեն ինչ արել են մեղմելու արցախահայության բարոյահոգեբանական և ֆիզիկական ցավը։

Վտանգավոր և անընդունելի է ներհանրային համերաշխությունը խարխլող և Արցախի հայության արժանապատվությունը վիրավորող բոլոր այն արարքները, հայտարարություններն ու ելույթները, որոնք դրսևորվում են ոչ միայն սոցիալական ցանցերում լայնորեն տարածված իրական կամ կեղծ օգտատերերի միջոցով, այլև ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների կողմից հնչեցված:

Հայրենիքի և ազգային արժանապատվության համար պայքարը յուրաքանչյուր քաղաքացու, բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է, ուստի պահանջում ենք ՀՀ իշխանություններից զերծ մնալ բռնություն, ատելություն և թշնամանք սերմանելու նենգ ու վտանգավոր դրսևորումներից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 21–ին հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա «քրեական վարույթի շրջանակում է» արվում։

ՔԿ-ից ասել էին, որ դեռևս 2024 թ․ փետրվարին ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցված և ներկայումս քննվող քրեական վարույթի շրջանակներում քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով քննիչի կողմից էր կայացվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան առգրավելու որոշում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---