Արաբկիրի փոխթաղապետերը կալանավորվել են, թաղապետը տնային կալանքի տակ է

Արաբկիրի փոխթաղապետերը կալանավորվել են, թաղապետը տնային կալանքի տակ է

PanARMENIAN.Net - Երևանի Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 30 մլն դրամ գրավը։ Փոխթաղապետեր Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը 2 ամսով կալանավորվել են, հայտնում է Factor.am-ը՝ իր աղբյուրներին հղումով։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արաբկիրի ղեկավարի աշխատակազմում իրականացված քննչական գործողությունների արդյունքում մեղադրանք է ներկայացվել 8 անձի, այդ թվում՝ վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձի:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է:

Իրականացվող նախաքննության շրջանակներում, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ իրականացված ծավալուն քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: Նշված բոլոր անձինք ձերբակալվել են Մեղադրյալներից 4-ի, այդ թվում երկու պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս պաշտոնատար անձի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը՝ 30 մլն դրամի չափով՝ համակցված։

Եվս 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննության եհտագա փուլերում, հաշվի առնելով նախաքննության շահերը, ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասվում է գրառման մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---