Ծառուկյան․ Մշակութային կենտրոն ենք կառուցում, ոչ թե եկեղեցի՝ Քրիստոսի արձանը ճանաչելիություն է բերելու

Ծառուկյան․ Մշակութային կենտրոն ենք կառուցում, ոչ թե եկեղեցի՝ Քրիստոսի արձանը ճանաչելիություն է բերելու

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին ծանոթանալու էր գնացել, լրագրողների հետ զրույցում նշել է, որ կառուցում է ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։ Արձանի տեղադրման հետ կապված քննադատությունները նա «չարախոսություն» է որակել։

«Հիսուս Քրիստոսի արձանը ճանաչելիություն է տալու մեզ»,–ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Հարցին, որ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը ևս միանշանակ չէր արձանի կառուցման հարցում, Ծառուկյանը պատասխանել է, որ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել, որոնք անցկացրել են ինչպես Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումները արձանի կառուցման վերաբերյալ։ Ծառուկյանը հավաստիացրել է, որ նախարարության հետ գործակցությունը նորմալ է ընթանում։

«Քննարկումներ են լինում, բանակցում ենք, նախնական նախագծում փոփոխություններ եղան, այնտեղ եղել են ամրոցներ, ես գումարները փոխանցել եմ, եկել են ուսումնասիրել են։ Ամրոցները հայտնաբերվել են, վերակառուցելու համար պատրաստակամ եմ գումար տալ, զբոսաշրջիկները կգան համ սա կտեսնեն, համ նա»,- ասել է Ծառուկյանը։

Քրիստոսի 33 մետրանոց արձանն արդեն վերջնական տեսքի է բերվում։ Քանդակագործը Արմեն Սամվելյանն է։ Արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին՝ ի սկզբանե նախատեսված վայրից մի քանի մետր հեռավորության վրա։ Արձանի պատվանդանը 44 մետր է։

Մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը տրվել է 2022-ի հուլիսի 9-ին լեռան գագաթին, սակայն հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍՆ-ն պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, քանի որ հիմնադրամը նախագիծ չէր ներկայացրել և չուներ կառուցապատման թույլտվություն, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը։

Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Չնայած դրան՝ վարչապետ Փաշինյանը դրական էր արձագանքել Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու գաղափարին, քանի որ այն, ըստ գործադիրի ղեկավարի, կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը։

Գագիկ Ծառուկյանի գաղափարի քննադատները խնդրահարույց էին համարում արձանի տեղադրումը Հատիս լեռան գագաթին, քանի որ, ըստ նրանց, լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում լեռան գագաթին հայտնաբերվել էր, նախնական տվյալներով, բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։ Հնագետները նշել էին, որ բրոնզեդարյա ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---