Ալավերդիում բացվել է Սանահինի ժամանակավոր կամուրջը․ Իրանի նվերն է

Ալավերդիում բացվել է Սանահինի ժամանակավոր կամուրջը․ Իրանի նվերն է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6–ին Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը։ Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանը։

Սանահինի կամուրջը փլուզվել էր գարնանը` մայիսի 26-ին, Դեբեդի վարարման պատճառով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Իրանին կամրջի և առհասարակ բարդ իրավիճակներում մշտապես Հայաստանի կողքին լինելու համար։ Նախարարը հատկապես ընդգծել է այդ գործընթացներում դեսպանի ակտիվ դերակատարության, գործուն մասնակցության և հետևողական աջակցության փաստը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է մշտապես Հայաստանի կողքին լինելու պատրաստակամությունը։

Ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պոտրոսյանը և այլ պաշտոնյաներ։

Կամրջի բացումից հետո նախարարն ու դեսպանը Ալավերդու համայնքապետարանում խորհրդակցություն են անցկացրել, որի ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---