«Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի` հրդեհի արդյունքում վնասված հատվածը կարող է վերականգնվել մեկ ամսվա ընթացքում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, այդ մասին հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Մասնագետները հավատացնում են, որ վնասված արտադրամասում աշխատանքային ռիթմը հնարավոր կլինի վերականգնել մեկ ամսվա ընթացքում»,- նշել է Հայաստանի էներգետիկայի նախարարը: Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ գործարանի վնասված հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտ 150 հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարը, նախարարի խոսքով, կհատկացվի գործարանի եւ բաժնետերերի միջոցներից:



Արմեն Մովսիսյանն ավելացրել է, որ գործարանում պայթյունի պատճառները պարզ կդառնան համապատասխան աշխատանքներ անցկացնելուց հետո: Պայթյունի հնարավոր պատճառներից էներգետիկայի նախարարը նշել է տեխնիկական անսարքությունը: «Գործարանում կրակի բռնկման պատճառները կբացահայտվեն, որից հետո գործարանը կաշխատի նախկին ռեժիմով»:



Նախօրեին, տեղի ժամանակով մոտ 18:40-ին «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ում, որը մասնագիտացած է սինթետիկ կաուչուկի արտադրության վրա, երկու պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: 15 րոպե անց պատահարի վայր է ժամանել 9 հրշեջ անձնակազմ:



Այրվել է աբսորբցիոն մեկ աշտարակ: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, փրկարար ծառայության շնորհիվ հրդեհը լիովին մարվել է: Արդյունքում զոհվել է 4 եւ վիրավորվել է 8 մարդ:



Գործարանում դեռեւս երեկ մասնագիտական խորհուրդ է ձեւավորվել, որը փորձում է պարզել վթարի պատճառները, ուսումնասիրել հետեւանքներն ու դրանց վերացման ուղիները:



Վթարը չի վնասել շրջակա միջավայրին, վտանգավոր արտանետումներ չեն եղել: Գործարանի մյուս տեխնիկական գծերը շարունակում են աշխատել: Ինչ վերաբերում է աշխատանքի ռեժիմին, այդ մասին կասվի լրացուցիչ:



Պայթյունի փաստով երկու քրեական գործ է հարուցվել, պայթյունի պատճառները պարզվում են:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---